Արատեսի Դպրական Կենտրոն․ Տեղեկանք

Արատեսի դպրական կենտրոն

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով Արատեսի դպրական կենտրոնի շուրջտարին գործող տնակային ավանում շուրջ տարին կազմակերպվում են հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական-ազգագրական բաց ճամբարներ, մանկավարժական, պատանեկան ստեղծագործական հավաքներ, որոնք հետաքրքրում են նաև Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի, հանրապետության այլ մարզերի, Արցախի սովորողներին, ուսուցիչներին, կրթական փոխանակումների ծրագրով մեր գործընկերներին այլ երկրներից՝ Վրաստանից, Ստամբուլից, Ֆրանսիայից, Իտալիայից։

Վրանային կայանը նախատեսվում է հունիսի 1-ից մեկնարկող ամենամյա առաջին ռազմամարզական-արշավախմբային-վրանային ճամբարի համար, որին մինչև ուշ աշուն եռօրյա-հնգօրյա հերթափոխներով կմասնակցեն Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի հանրակրթական դպրոցների պատանիներ, մանկավարժական աշխատողներ։ Կարևորում ենք, որ ճամբարի պայմանները մոտ լինեն դաշտային-զորանոցային պայմաններին։

Ռազմամարզական գոտին ապահովում է շուրջտարյա մարզական գործունեության պայմաններ Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվող ճամբարների, հավաքների մասնակիցների համար՝ մեկօրյա քայլարշավների, արտակարգ իրավիճակներում գործելու, նախաբանակային պատրաստության, անվտանգ կենսագործունեության հմտությունների յուրացման հնարավորություն։

Ուսումնաարտադրական տնտեսությունը՝ պտղատու այգի, խաղողի այգի, բանջարանոց, մառան, գոմ, ախոռ, արհեստանոցներ, կսպասարկի դպրական կենտրոնին, և դպրական կենտրոնի սովորողները, աշխատողները գործուն մասնակցություն կունենան տնտեսության աշխատանքներում՝ որպես ուսումնական գործունեություն։ Այստեղ կիրականացվեն մասնագիտական-նախամասնագիտական դասընթացներ:

Ծիսական հարթակում՝ Արատեսի կիսավեր վանքի տարածքում կազմակերպվում են կրթահամալիրի, Արատեսի  դպրական կենտրոնի ուսումնական օրացույցներով որոշված ծեսերը, այդ թվում՝ հարսանյաց, տոները։

Պանդոկը նախատեսված է Արատես այցելող զբոսաշրջիկներին, Արատեսի վանքի ուխտավորներին ընդունելու, կրթահամալիրի սովորողների և աշխատողների ընտանեկան նախագծերի համար։

Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոն մասնաճյուղը ներառվել է կրթահամալիրի 2019-2022 թթ զարգացման ծրագրի 7 հրաշալիքների՝ ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթում։ Նախագծի դրամական միջոցները, այդ թվում՝ գործընկերների ներդրումները, այլ նպատակային հատկացումները, ուսումնաարտադրական աշխատանքի, ծառայությունների միջով նախագծային խմբի ստեղծած միջոցները, հավաքվում և ծախսվում են «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։

Դրական կենտրոնի նյութական միջավայրի զարգացում

  1. Անհրաժեշտ է կառուցել անավարտ 6 շինությունները, որոնք կլրացնեն տնակային ավանը, պանդոկը, ուսումնաարտադրական տնտեսությունը, կամ նոր նշանակություն կունենան։
  2. Տնակային ավանի զարգացումը ենթադրում է արևային էլեկտրակայանի, արևային ջրատաքացուցիչ կայանի, կոյուղու կառուցում:
  3. Ռազմամարզական-արշավախմբային-վրանային ճամբարին անհրաժեշտ են 40 մասնակցով դաշտային բացօթյա ճամբարի համար գույք՝ աղջիկների և տղաների համար ննջարանային վրաններ համապատասխան կահավորումով, շտաբային, դաշտային ճաշարանի վրաններ, դաշտային խոհանոց, դաշտային զուգարաններ, դաշտային ցնցուղներ, ճամբարի գործունեության համար անհրաժեշտ այլ գույք։
  4. Ռազմամարզական գոտին պետք է ամբողջացնել մարզադաշտի, մարմնամարզական, խաղային մարզաձևերի բաց հրապարկի, լողափի, լեռնագնացության պարապմունքների, ռազմամարզական խաղերի-հնարքների, ազգային ավանդական խաղերի, բաց սահադաշտի, դահուկասպորտի կայանի և վազքուղիների, լեռնային հեծանվաուղիների, հնգամարտի, քայլքի համար միջկիրճային անցումների հատվածներով, ձիասպորտի պայմանների՝ ախոռի, վարժարան-մանեժի ստեղծմամբ։
  5. Պանդոկը, բացի նոր կացարաններից, պետք է ունենա 2-6 տարեկանների համար պարտեզ-խաղահրապարակ։

Տեղեկանք

Ծնվել է 1989թ., երբ  Վայոց ձորի Եղեգիսի կիրճի՝ անճամփա-անմարդաբնակ, նախկին ադրբեջանաբնակ լքված Կզլգյուլը (Ոսկի վարդ) կառավարությունը հանձնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար (ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 07.09.1989թ. N462 որոշում)։

1990-1992թթ. ՀԽՍՀ ՄԽ N462 որոշմամբ սահմանված կարգով կառուցվել են Հերմոն-Արատես նոր ավտոճանապարհը, դպրական կենտրոնի կառուցապատման տարածքը շրջանցող ճանապարհներ, ճարտարապետական նախագծի համաձայն կատարվեցին իրացման աշխատանքներ, գցվել են առաջին շինությունների հիմքերը։ Զուգահեռ՝ մշակույթի նախարարության պատվերով ստեղծվել է Արատեսի վանքի վերականգնման նախագիծ։

Տարիներ շարունակ Արատեսը իրական դպրոց է եղել բնության գրկում՝ կրթահամալիրի սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների համար, հատուկ ուսումնական միջավայր։ Արատեսում տարվա բոլոր եղանակներին կազմակերպվել են տարատարիք սովորողների ճամբարներ՝ հայրենագիտական-բնապահպանական արշավներով, լողով, պլեներներ, ստեղծագործական հավաքներ, մանկավարժական ամառային ճամբարներ։

Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի № 636-Ն որոշմամբ դադարեցվել է կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման և դպրական կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ հողերը։ Նույն  որոշումով կառավարությունը պարտավորեցրել է Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին Արատեսում հողերի օտարման պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ, զբոսաշրջային արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում։

2018 թ. Արատեսի դպրական կենտրոնի նորացման սկիզբն է՝ որպես կրթահամալիրի, սովորողների-ուսուցիչների աշխատանքով ու դրամական միջոցներով իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ամբողջական, բաց նախագիծ՝ Արատեսի բոլոր շահառուների համար մասնակցելու իրական հնարավորությամբ։ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի հետ ծավալվող գործընկերությունը դրա վկայությունն է։

Արատեսի դպրական կենտրոնն այսօր ունի  ութ շինություն։

Կարևորելով միջավայրային կոլորիտը և դպրական կենտրոնի նշանակությունը՝ 2018թ. օգոստոսին սկսվեցին շինբարեկարգման աշխատանքներ։ Եղած շինությունների տանիքներն ազատվեցին ազբոշիֆերից և փոխարինվեցին գունեղ թիթեղյա ծածկերով։

Առկա շինությունները

  • Հյուսիսի տնակը՝ դեպի  արևմուտք բացվող պատուհան-վիտրաժով, որտեղից տարվա բոլոր եղանակներին և ժամերին դիտելու, վայելելու նյութ կա։
    Տնակն ունի երկու ննջարան (12 տեղ), մառան, բակում՝ սանհանգույց։
    Հյուսիսի տնակից  ձգվում է պտղատու ծառերի, թփերի արահետը։
  • Հյուսիսի տնակից ներքև ընկած է երկրորդ կացարանը, որ անվանել ենք «Տատիկի տուն»։ Տնակն ունի երկու ննջարան (10 տեղ), բաց պատշգամբ, բակում՝ սանհանգույց։

  • Հաջորդը «Հիգիենայի տունն» է ՝ ցնցուղարանով, սանհանգույցներով և պահեստով։
  • Չորրորդը խոհանոց-սեղանատունն է, որ ծառայում է ճամբարականների սննդի պատրաստման համար, օգտվում են ճաշելիս, ընթրելիս։ Դպրական կենտրոնի հյուրասիրության սենյակ, ճաշասենյակ:
    Խոհանոց-սեղանատունն ունի մառան։

  • Արևելյան կացարան։ Տնակն ունի երկու սենյակ, բաց պատշգամբ, ձեղնահարկ՝ բացառիկ վիտրաժային դիրքով, դեպի արևելք՝ձորակ։
  • «Արատեսի Գեղարվեստ» կոչվող տնակն ունի երկու սենյակ՝ արվեստանոց և ննջարան, հայացք դեպի արևմուտք՝ ձորակ։ Տնակն ունի բաց պատշգամբ և կից քարանձավ-արվեստանոց-ընթերցասրահ։
  • Արատեսի վանքից դեպի հարավ-արևմուտք պանդոկ-ակումբն է։ Երկու սենյակ՝ ննջարան և հանգստի սենյակ՝ խոհանոցային մասով։
    Պանդոկը ծառայում է Արատես այցելող զբոսաշրջիկներին։
    Պանդոկում զբոսաշրջիկները կծանոթանան Արատեսի պատմությանը, Եղեգիսի կիրճին, պատմամշակութային և բնության հուշարձաններին, դպրական կենտրոնի և նախկին բնակիչների պատմությանը։ Պատմությունը կներկայացվի նաև  երկրագիտական,  իրեղեն նյութերով (քարտեզներ, լուսանկարներ, ֆիլմեր, ձայնագրություններ)։ 
    Պանդոկը կունենա նաև վաճառքի ցուցափեղկ՝ արատեսյան բարիքներով՝ թեյի բույսեր, հատապտուղներ, չիր, մեղր, լուսանկար-բացիկներ, շուրջտարյա դաշտային ճամբարների ընթացքում սովորողների հավաքած-ստեղծած ազգագրական ուսումնական նյութեր՝ երգեր, պարեր, ասույթներ, հեքիաթներ, կենացներ, սովորույթներ։
  • «Սիրերգության անկյուն» տնակը ծառայում է սովորողների, դասավանդողների ընտանեկան նախագծերին։ Տնակն ունի երկու սենյակ, բաց պատշգամբ։ 

Սուսան Մարկոսյան, Քնարիկ Ներսիսյան, Սմբատ Պետրոսյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.